Խորհուրդի Տուն 2, Մելբուրն, Ավստրալիա
Ի՞նչ է LEED Հավաստագրումը240 Լիթըլ Քոլինզ հասցեում գտնվող Մելբուրնի քաղաքային խորհուրդի նոր շենքը առաջինն է Ավստրալիայում, որն արժանացել է ազգային «Վեցաստղանի նախագծում» մրցանակի (6 Star Design Rating - համարժեք է LEED Պլատինե հավաստագրման): Հայտնի ավստրալական էկոլոգիապես մաքուր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2004 թվականին և ավարտվել 2006 թվականի սեպտեմբերին: Այն նաև իր ժամանակի «ամենակայուն» շենքն էր Ավստրալիայում: Շինարարության գաղափարը պատկանում է Մելբուրնի քաղաքային նախագծման և շրջակա միջավայրի դեպարտամենտի տնօրեն Ռոբ Ադամսին: Նախագծողները ցանկանում էին, որ ջրախնայող և էներգախնայող շինությունը համապատասխանի Մելբուրնի կլիմայի և շրջակա միջավայրի առանձնահատկություններին: Նախագծի ճարտարապետը Միք Փիրսն է: Շենքի ներքին տարածքը ողողված է բնական լույսով, ուստի ցերեկները արհեստական լուսավորության անհրաժեշտություն չկա: Թարմ օդի մատակարարումը և լուսավորությունը հասցվում է առավելագույնի` շնորհիվ հյուսիսային ու հարավային ապակեպատ ճակատների, ջերմությունը կլանող բետոնե կոր առաստաղների, «լուսային խութերի» (ճարտարապետական էլեմենտ, որը հնարավորություն է տալիս լույսի ներթափանցումը ներքին՝ դժվար հասանելի տարածքներ) ու վերին մասում լայնացող օդանցքների: Բետոնե առաստաղներն ու սառեցվող պանելներն ապահովում են ճառագայթային հովացման արդյունավետ համակարգը: Ջերմաստիճանը և խոնավության մակարդակը մշտապես վերահսկվում են: Օդափոխության համակարգն ինքնաբերաբար արձագանքում է ջերմաստիճանի կտրուկ և հաճախակի փոփոխություններին: Գիշերը պատուհանները բացվում են` ներս թողնելով թարմ օդը, որը զովացնում է շենքի ներսի բետոնե մակերեսները: Նկուղում տեղադրված է երեք ցիստերն, որոնք սառեցրած ջուր են մատակարարում առաստաղի պանելներին: Օդը զովացվում է նաև այսպես կոչված ցնցուղային աշտարակներով, ապա ուղղվում դեպի խանութներն ու գրասենյակները, որոնք գտնվում են շենքի ներսում: Տանիքին տեղադրված են 23 արևային պանելներ: Տասհարկանի շինության հատակի ընդհանուր մակերեսը 12,536 քառակուսի մետր է, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 50 միլիոն դոլար: Մելբուրնի քաղաքային խորհրդի նոր շենքի «կանաչ» փորձն այնքան հաջող էր, որ շուտով Ավստրալիայում նույն օրինակով սկսեցին վերաձևափոխվել և կառուցել «Վեցաստղանի» մրցանակի հավակնող բազմաթիվ շինություններ:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am