Կոպեռնիկոսի Գիտական Կենտրոն, Լեհաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼեհաստանԿոպեռնիկոսի Գիտական Կենտրոն, Վարշավա, Լեհաստան
Վիսլայի ափին` Վարշավայի Հին քաղաքի մոտակայքում, գտնվում է մի շենք, որն իր այցելուներին կախարդում է բազմազան գիտական փորձերով։ Այս շենքում է գտնվում Կոպեռնիկոսի անվան գիտական թանգարանը (Centrum Nauki Kopernik)։ Թանգարանի պաշտոնական կայքը նշում է, որ նրա գլխավոր առաքելությունը այցելուներին շահագրգռելն է, որպեսզի ճանաչեն և ըմբռնեն աշխարհը։ Տվյալ դեպքում, առանց կասկածի, առաքելությունն իրագործված է, քանի որ սա մի թանգարան է, որի այցելուն կարող է զգալ, թե ինչ է լուսնի վրա քայլելը, կարող է հասկանալ ինչից և ինչու է վախենում մարդը, կարող է կոճակը սեղմելով, ստեղծել պտտահողմ կամ կայծակ, կարող է անգամ գլխի վրա տեղադրված յուրահատուկ սենսորների օգնությամբ մտովի գունդ տեղաշարժել։
Թանգարանի ստեղծման գաղափարը ծագել է դեռ 1997 թվականին։ Սակայն միայն յոթ տարի անց, 2004թ. Վարշավայի քաղաքապետը, Լեհաստանի գիտության նախարարը և կրթության նախարարը եկան թանգարանի շինարարության վերաբերյալ ընդհանուր համաձայնության։ 2005-ին ապագա թանգարանի շենքի նախագծի ճարտարապետական մրցույթ հայտարարվեց։ Մրցույթում հաղթեց մի փոքր լեհական ճարտարապետական ընկերություն` Յան Կուբեկի և Մագդալենա Գիլդերի ղեկավարությամբ։ Պաշտոնապես թանգարանը բացվեց 2010 թվականին։
Թանգարանի հիմնական կառույցը ունի լատինական «L» տառի ձև, իսկ նրա մակերեսը կազմում է 15 հազար քառակուսի մետր։ Շենքում տեղակայված են մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, լաբորատորիաներ և գրասենյակներ, ինչպես նաև սրճարաններ, ռեստորաններ և պարտեզ տանիքի վրա։ Ճարտարապետները և շինարարները կիրառել են բազմաթիվ մեթոդներ, որպեսզի ստեղծեն էկոլոգիապես անվնաս շինություն։ Այսպես օրինակ, բազմաթիվ պատուհանների առկայության շնորհիվ, ողջ օրվա ընթացքում շենքը լուսավորվում է բնական լույսով։ Տանիքի վրայի պարտեզը ևս ունի էկոլոգիական դեր՝ այն շենքը մեկուսացնում է աղմուկից, ձմռանը պահում է տաք, իսկ ամռանը՝ հով։
Թանգարանային համալիրը ներառում է մուլտիմեդիական աստղադիտարան, որը ունի գլաքարի տեսք, ծածկված է կարմրավուն ապակիով և գտնվում է անմիջապես հիմնական շենքի հարևանությամբ։ Թանգարանի շրջակա պարտեզում կարելի է փորձեր անցակացնել, այցելել արվեստների բացօթյա ցուցասրահ և ամֆիթատրոն։
Կոպեռնիկոսի անվան գիտական կենտրոնը ամենամեծն է Արևմտյան Եվրոպայում և Վարշավայի ամենահանրաճանաչ վայրերից մեկն է։ Այս թանգարանում ամենահրապուրիչն այն է, որ այստեղ կարելի է ձեռք տալ և փորձարկել բոլոր ցուցանմուշները։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am