Սուրբ Խաչ Մատուռ, Սեդոնա, Արիզոնա, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱյս յուրօրինակ եկեղեցին, որը կրում է Սուրբ Խաչ մատուռ (ժող. Մատուռ ժայռերի մեջ) անունը, կառուցվել է քանդակագործ Մարգարիտա Շտաուդեի մտահաղացմամբ, ով այս գողտրիկ մատուռն իր ամենամեծ նվաճումն ու կյանքի առաքելության իրականացումն է համարել: Հսկա խաչը խորհրդանշում է այն, և թվում է, թե իր ուսերին է պահում մի ամբողջ կառույց: Մարգարիտան, համաշխարհային համբավ ունեցող ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի ոչ պաշտոնական ուսանողուհին է եղել, և իբրև քանդակագործ, բարերար և բարեպաշտ կաթոլիկ՝ կարծել է, որ արվեստը պետք է ծառայի ոգուն: Շտաուդեին 1932թ-ին տաճար կառուցելու պայծառատեսությունն ու երազն այցելեցին, որից հետո երկար տարիներ նա մի հարմար տեղ էր փնտրում շինարարության համար: Արդյունքը լավագույնն էր թերևս. հմայիչ բնությամբ ամենախաղաղ տեղը Սեդոնայում:
Մի քիչ նախապատմություն. Լլոյդ Ռայթի որդին նույնպես հիացած էր Մարգարիտայի կատարված էսքիզներով և նրանք միասին անգամ նախագիծ պատրաստեցին: Բուդապեշտի կանանց մենաստանը նույնպես ոգևորված էր այս երիտասարդ աղջկա ստեղծագործական մտքի թռիչքով և պլանավորվում էր տեղադրել այդ եկեղեցին Դանուբ գետի վրա: Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը և մի շարք այլ հանգամանքներ խոչընդոտեցին շինարարության իրականացմանը և մասնակիորեն փոխեցին եկեղեցու սկզբնական գաղափարները: Այսպիսով, Մարգարիտան նոր, ավելի փոքր մատուռի գաղափարով դիմում է Սան Ֆրանցիսկոյի Anshen and Allen ճարտարապետական արվեստանոցին, որն էլ մեծ ոգևորությամբ ընդունում է նախագծման առաջարկը:
Այս տաճարը նվիրված է Շտաուդեի մոր հիշատակին և լիովին ֆինանսավորվել է Մարգարիտայի կողմից: Այն ավարտին հասցնելը տևում է 18 ամիս և պահանջվում է $300.000, ինչը բավականին համեստ գումար էր նմանատիպ կառույցի համար: Մատուռը 70մ վեր է խոյանում հարթավայրից՝ երկու կարմիր ժայռերի միջև և աչքի է զարնվում իր 27.5մ բարձրությամբ խաչով: Մատուռի ներսում՝ երկու հանդիպակաց կողմերում, յոթական նստարաններ են տեղադրված, որոնք ապահովում են աղոթքի ու հանգստի հարմարավետ միջավայր: Պատերին երկու գոբելեններ կան կախված, իսկ սուտակ-կարմիր ճրագող մոմերը մտքի և հոգու խաղաղություն են սփռում ողջ մատուռով մեկ: Առավել բնորոշ առանձնահատկություն է իրենից ներկայացնում մատուռի ահռելի խաչը: Սուրբ Խաչ սրբավայրն ունի նաև հուշանվերների խանութ, ուր եզակի կրոնական հոդվածներ, անսովոր խաչեր և աղոթարաններ են ներկայացված: Մատուռը պատկանում է Սուրբ Հովհաննես Վիաննեյի եկեղեցական ծխին և Հռոմի կաթոլիկ եկեղեցու Ֆենիքս քաղաքի թեմին: 1957 թ.-ին Սուրբ Խաչ մատուռն արժանացել է AIA –ի (American Institute of Architects /ԱՄՆ-ի ճարտարապետների ինստիտուտ) պատվո հեղինակավոր պարգևի: Սեդոնան և հարակից լանդշաֆտը ԱՄՆ-ի ամենահեքիաթային վայրերից են: Սուրբ Խաչ մատուռը և Սեդոնայի բնությունը գրավում են տարեկան ավելի քան 4 միլիոն այցելուների ամբողջ աշխարհից:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am