Ոսկորների Մատուռ, Էվորա, Պորտուգալիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Պորտուգալիա

Պորտուգալիայի Էվորա քաղաքում է գտնվում Սբ. Ֆրանցիսկի եկեղեցին, որը կառուցվել է 1460-1510 թթ.: Եկեղեցին հատկանշական է առաջին հերթին իր մատուռներից մեկով, որի անունն արդեն շատ բան է ասում: Capella dos Ossos, ինչը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է ոսկորների մատուռ: Դա չափազանցություն չէ. մատուռի բոլոր պատերին կարելի է հանդիպել մարդկային կմախքներ, որոնք ամրացված են պատերին:

Ինչպես արդեն ասվեց, եկեղեցին կառուցվել է XV դարի վերջում, XVI դարի սկզբում գոթական և մանուելինո (XV-XVI դդ. ճարտարապետական ոճ Պորտուգալիայում) ոճերի համադրությամբ: Իսկ մատուռը կառուցել են ֆրանցիսկյան վանահայրերը XVI դարում: Ի սկզբանե մատուռն ուներ իր նշանակությունը. ինչպես և շատ երկրներում միջին դարերին, այնպես էլ Պորտուգալիայում ժանտախտն ու պատերազմները շատ մարդկանց կյանք էին խլում: Դրա հետևանքով գերեզմանոցները շատ արագ էին մեծանում, ու շուտով խիստ կանգնեց ոսկորները տեղավորելու հարցը: Այդ ժամանակ էլ հենց վանահայրերը որոշեցին կառուցել մատուռը, որտեղ կտեղավորվեին կմախքները` միևնույն ժամանակ խորհրդանշելով մահվան անխուսափելիությունը: Պետք է նշել, որ վանահայրերը բավականին հումորով են մոտեցել մատուռի կառուցմանն ու նրա նշանակությանը: Կամարներից մեկի վրա կարելի է տեսնել հետևյալ գրվածքը. “Մեր ոսկորներն այստեղ են, սպասում ենք քո ոսկորներին”: Սակայն հետաքրքիրն այն է, որ մատուռի “հեղինակների” կմախքները չեն զարդարում շինությունը, այլ թաղված են մատուռի ներսում գտնվող սպիտակ դագաղի մեջ:

Կա կարծիք, որ ընդհանուր առմամբ մատուռի պատերին իրենց վերջին հանգրվանն են գտել մոտ 5000 մարդու կմախքներ: Բոլոր ոսկորները մշակվել են կրափոշով, որպեսզի դառնան ձյունաթյուր: Իսկ այն ոսկորները, որոնք կոտրված էին, կամ ենթակա չէին օգտագործման, մանրացվել են ու ավելացվել ցեմենտին: Ի տարբերություն մատուռին` Սբ. Ֆրանցիսկի եկեղեցու գլխավոր սրահը զարդարված է շատ հարուստ. ոսկեզօծ խորան, իսկ պատերին կապույտ գույնի սալիկներ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ