Մայր Տաճար, ք . Բրազիլիա, Բրազիլիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Բրազիլիա

Շատերի մոտ հիացմունք առաջացնող Բրազիլիայի Մայր տաճարը (Պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida) դարձել է նոր մայրաքաղաքի կառուցապատման գլուխգործոցը: Այսօր այն հանդիսանում է Բրազիլիայի արքեպիսկոպոսի նստավայրը: Եկեղեցին նախագծել է Բրազիլիայի նոր մայրաքաղաքի հատակագծի համահեղինակ, 1988 թ.-ին Պրիցկերի մրցանակին արժանացած, հռչակավոր ճարտարապետ` Օսկար Նիմեյերը: Տաճարի առաջին քարը դրվել է 1958 թ. սեպտեմբերի 12-ին: Այն գտնվում է մայրաքաղաքի գլխավոր առանցքի վրա` քաղաքային և պետական կառույցների միջև: Հեղինակը հիմնականում առաջնորդվել է հարմոնիկ, հարմարավետ և գեղեցիկ շրջակա միջավայր ստեղծելու սկզբունքով, որտեղ մեծ դեր է հատկացվում լանդշաֆտին և շրջակա կառույցներին: Նա նպատակ ուներ հավասարակշռել բետոնե ֆասադների կոպտությունը պուրակների և հրապարակների նրբությամբ և թեթևությամբ: Եկեղեցին կառուցված է մոդեռնիզմի ոճով: Այն պաշտոնապես կրում է «Մեր Ապարեսիդ Տիրամոր Մայրաքաղաքային Տաճար» (Պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida) անվանումը և նվիրված է Սբ. Մարիամին, որը հանդիսանում է Բրազիլիայի Սբ. Հովանավորը:

Եկեղեցին յուրօրինակ է իր ձևի մեջ`հատակագծում այն 70 մ. տրամագծով շրջան է և ունի կողավոր կառուցվածք: Կառույցը բաղկացած է 16 հիպերբոլոիդային սյուներից, որոնք շատերի կարծիքով խորհրդանշում են դեպի երկինք պարզած ձեռքեր կամ նմանեցվում են «փշե պսակի»: Շենքի կառուցման համար Նիմեյերն օգտագործել է հիպերբոլիկ երկրաչափություն, ե/բ, մետաղ և ապակի: Կառույցն ունի 40 մ. բարձ., կարող է տեղավորել 4000 մարդ և զբաղեցնում է 3848մ² տարածք: Զանգակատունը տեղադրված է հիմնական կառույցից զատ: Այստեղ ամեն ինչ արված է մարդու վրա մեծ տպավորություն գործելու համար: Տաճարի մեծ մասը գտնվում է գետնի տակ, իսկ արտաքինից երևում է միայն գմբեթը, որտեղ բետոնե սյուների միջև եղած տարածությունը ի սկզբանե զբաղեցրել են ապակե պատուհաններ: 1988թ. եկեղեցու սյուները ներկվել են սպիտակ, իսկ սյուների միջև եղած ապակիները փոխարինվել են վիտրաժներով: Վիտրաժներում, որոնք հանդիսանում են Մարիաննա Պերետիի (Marianne Peretti) գործերը, գերակշռում է կապույտ գույնը, ինչը ներքին տարածությանը որոշակի սառնություն է հաղորդում: Սյուներից յուրաքանչյուրը կշռում է 90 տ.: Արտաքինից կառույցը շրջապատված է ջրով և տեսողական մեծ ազդեցություն թողնելու նպատակով ճարտարապետը մուտքը նախատեսել է բավականին երկար և մութ ստորգետնյա միջանցքից, որը դուրս է գալիս դեպի լուսավոր և ընդարձակ գլխավոր սրահ: Ներսում ուշադրություն են գրավում սյուներից կախված հրեշտակների 3 արձանները, որոնք Ալֆրեդո Սեսչիատիի (Alfredo Ceschiatti) գործերն են: Նրան են պատկանում նաև մուտքը պահպանող 4 Սուրբ Ավետարանիչների արձանները: Եկեղեցու զոհասեղանը Հռոմի Պապ` Պողոս VI-ի նվերն է: Կարևոր չե, որ հանճարեղ Նիմեյերը աթեիստ էր. Կաթոլիկ եկեղեցին օծեց այս վեհ տաճարը 1970թ. մայիսի 31-ին՝ հիմնական շինարարական աշխատանքների ավարտից հետո:

Նշենք նաև, որ եկեղեցին, համարվելով մարդկային երևակայության գլուխգործոցներց մեկը, ունի որոշ թերություններ կապված ակուստիկայի և չափից դուրս լուսավորության հետ, որոնք մինչև օրս դեռ բավական լուծում չեն ստացել:

Հոդվածը Ռուզաննա Մկրտչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ