Բերնհեմ Տաղավարներ, Չիկագո, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներՃանաչված գործիչ Դանիել Բերնհեմը Չիկագոյի նոր հատակագծի հեղինակներից մեկն էր: Այդ հատակագիծը, որը նաև Բերնհեմի պլան են անվնում, 1909թ.-ից վերափոխեց քաղաքի կենտրոնական մասի տեսքը: Լոնդոնից Զահա Հադիդի ճարտարապետական բյուրոն ու Ամստերդամից Բեն վան Բերկելը UNStudio-ից, ձեռնարկեցին ճարտարապետական ցուցանմուշներ Չիկագոյի Հազարամյակի պուրկում: Ճարտարապետների նպատակն էր Բերնհեմյան պլանի 100-ամյակին նվիրված տաղավարներ կառուցել: Դրանք գտնվում են Չիկագոյի Լուփ համայնքում, Չեյս Փրոմենադ Սաութում:
Զահա Հադիդն առաջին կին ճարտարապետն էր, ով արժանացավ Պրիտցկերի հեղինակավոր մրցանակին: Նրա տաղավարն իրենից ներկայացնում է 7000 կոր մասերից բաղկացած բարդ հիմնակմախքով մի կառույց (այդ էլեմենտներից և ոչ մեկը չի կրկնվում): Արտաքին և ներքին ծածկույթները գրկում են մետաղյա կարկասը՝ տալով նրան անկրկնելի շրջահոսելի ձև: Ծածկույթը բաղկացած է 24 անհատական պատվիրված պանելներից: Ծածկույթի ինտերիերը հանդես է գալիս նաև որպես էկրան տեսանյութի ցուցադրման համար: Այն ցույց է տալիս Չիկագոյի զարգացումն անցյալից դեպի ապագա: Դա Չիկագոյում վերապատրաստված լոնդոնյան ռեժիսոր Թոմաս Գրեյի շնորհն է: Նշենք, որ Հադիդը ներկայացնում է ժամանակակից ճարտարապետության ավանգարդ ուղղվածությունը, մինչդեռ Բերնհեմը կլասիկ ճարտարապետության հետնորդ է: Այս հանգամանքը տեղացի ճարտարապետների մոտ որոշակի բանավեճի առիթ հանդիսացավ: Տաղավարը նկարագրվում է որպես «ֆուտուրիստիկ վրանային քաղաք»: Ինչպես Հադիդն է նշել, «տաղավարը քաղաքային մասշտաբով վերակառուցման և բարելավման համար է նախատեսված, որն ապագան ողջունում է իր նորարական գաղափարներով և տեխնոլոգիաներով»:
Բառերն անկարող են նկարագրել Հադիդի ստեղծագործության գեղեցկությունն ու կատարելությունը, երբ գիշերով ընկղմվում ես ֆանտաստիկ լուսավորությամբ այս աշխարհը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am