Բգավոր Եկեղեցի, Աքորի, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԲգավոր եկեղեցին գտնվում է ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Լալվար լեռան թեքադիր լանջին: Այն շրջապատված է ժայռերով և ձորակներով: Պատմական աղբյուրները չեն պարունակում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին: Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող XIII դ Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը վերաբերվում է այդ դարաշրջանին: Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի որոշ տարրերը հիշեցնում են նույն ժամանակաշրջանի վրացական եկեղեցիներ, ինչը պայմանավորված է Զաքարյանների շրջանում (XII-XIV դդ.) հայ-վրացական տնտեսական ու մշակութային սերտ կապերով:
Բգավոր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում, ծածկը չի պահպանվել: Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին: Խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկ ավանդատները: Քառակուսի աղոթասրահը զույգ կամարաշարերով բաժանված է երեք նավի` միջինը ավելի քան երկու անգամ լայն եզրայիններից:
Եկեղեցին երեք մուտք ունի` հարավից, արևմուտքից և հյուսիսից (ներկայումս փակված է): Եկեղեցու դռներն ու պատուհանները զարդարված են հյուսկեն զարդաքանդակներով և ճարտարապետական տարրերով: Գլխավոր խորանը թույլ լուսավորվում է երեք նեղ պատուհաններից: Պատերի երեսաքարերը և ներսի բոլոր ձևավոր մասերը իրականացված են սրբատաշ բազալտից, իսկ ներսում պատերի հիմնական շարվածքը մանր կոպտատաշ քարերով է:
2012 թ. պետբյուջեից գումար է հատկացվել եկեղեցու վերանորոգման համար:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am