Բարձրաքաշ Ս. Գրիգոր Վանք, Դսեղ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Բարձրաքաշ Ս. Գրիգոր (Լուսավորիչ) վանքը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից հյուսիս-արևելք, Ձաղիձոր (Սաղուձոր) գետի անտառապատ ձորալանջին: Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը:

Հյուսիսային եկեղեցին, որն իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճ, կառուցվել է X դարում: Հարավային մասից նրան կից է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 1221 թ. կառուցել է իշխան Սարգիս Մամիկոնյանի որդի Մարծպանը: Եկեղեցու արևելյան մասում են գտնվում երկհարկանի ավանդատները: Սուրբ Աստվածածին եկեղեցին աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: Նրա ուշագրավ առանձնահատկություններից, առաջին հերթին, պետք է նշել հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը: Եկեղեցին հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում:

Հարավից եկեղեցուն կից է քառասյուն գմբեթավոր գավիթը, որը կառուցվել է 1259թ.: Սուրբ Հարություն մատուռը կառուցվել է 1234 թ. Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից: 1245թ. Մարծպանի որդի Ասլանբեկ Մամիկոնյանը կառուցել է երկու մատուռ և վանքին նվիրել ոսկով և մարգարիտներով զարդարված Ավետարան:

Վանքի հարավային մասում, Սուրբ Հարություն մատուռի շուրջ, գտնվում է խաչքարերով գերեզմանոցը, իսկ արևմտյան մասում` վանական խցերի ավերակները: Այստեղ են գտնվում նաև 1266 թ-ին Գևորգ վարդապետի կողմից կառուցած ձիթհանի փլատակները: Ձորում պահպանվել են Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջի մնացորդները:

Վանքի բոլոր շինությունները կառուցված են տուֆից, ֆելզիտից և բազալտից: Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։

Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով:

Վանքը մասամբ վերակառուցվել է 1939թ-ին, իսկ 1969-ին նրա տարածքը պեղվել է: Ներկայումս վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված: Մասնագետների կարծիքով փլվելու պատճառներից մեկն է նստվածքային երևույթները հիմքերում:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.hetq.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ