Ազատության Աշտարակ, Թեհրան, Իրան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իրան

Յուրաքանչյուր քաղաքում կա մի ճարտարապետական հուշարձան, որը խորհրդանշում է այդ քաղաքը: Իրանի մայրաքաղաքի խորհրդանիշը, անկասկած, Ազատության աշտարակն է, որը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում և հայտնի է նաև որպես Թեհրանի արևմտյան դարպաս:

Այս հսկայական սպիտակ հուշարձանը, որն իր արտաքին տեսքով շատ նման է շրջած անգլերեն «Y» տառի, կառուցվել է մի քանի հարյուր մարդկանց համատեղ ջանքերի և տաղանդի շնորհիվ: Այս մարդկանց մեջ առաջին տեղն, անկասկած, զբաղեցնում է կառույցի գլխավոր ճարտարապետ և այս շինության նախագծի հեղինակ Հուսեյն Ամանաթը: 1966 թվականին Ամանաթը 24 տարեկան հասակում կարողացավ դառնալ մի ճարտարապետական մրցույթի հաղթող, որի նպատակն էր ընտրել իրանական թագավորության հզորությունը խորհրդանշող շենքի նախագիծ: Ազատության աշտարակի ստեղծման մեջ մեծ է նաև Ղանբար Ռահիմիի ներդրումը: Ռահիմին, որին արդարացի անվանել են «քարերի իրանական սուլթան» կոչումը, 5 տարի շարունակ ընտրել և մատակարարել է աշտարակի կառուցման համար անհրաժեշտ սպիտակ մարմարի բոլոր 8 հազար սալերը: Քարերը մատակարարվում էին Իսպահան քաղաքից, որը գտնվում է Թեհրանից մոտ 440 կիլոմետր հեռավորության վրա:

Կառույցի շինարարությունը ֆինանսավորել են մոտ 500 իրանցի ձեռներեցներ: Որպես իրանական գահի խորհրդանիշ կառուցվող այս աշտարակի շինարարական աշխատանքները ավարտվեցին 1971 թվականին՝ Պարսկական կայսրության 2500 ամյակին: Աշտարակի սկզբնական անվանումը Շահյադ Արյամեհր էր, ինչը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Արքաների հիշատակին նվիրված աշտարակ»: Ճակատագրի հեգնանքով աշտարակի կառուցման ավարտից 8 տարի անց համանուն Շահյադ հրապարակը, որտեղ և գտնվում է աշտարակը, դարձավ մասսայական հակաշահական ցույցերի կենտրոնական հավաքատեղին: 1979 թվականի Իսլամական Հեղափոխությունից հետո, բարեբախտաբար, այս հիասքանչ աշտարակը չքանդվեց, այլ ընդամենը՝ վերանվանվեց Ազատության աշտարակի, իսկ Շահյադ հրապարակը համապատասխանաբար դարձավ Ազատության հրապարակ՝ շնորհիվ այս հրապարակում անց կացված ցույցերի: Իր գոյության 40 տարվա ընթացքում Ազատության աշտարակը վկա է եղել բազմաթիվ ցույցերի և քաղաքական հավաքների: Այսպես օրինակ, 2009 թվականին այստեղ էին հավաքվում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հանդես եկող ցուցարարները: Կարելի է ասել, որ Ազադի աշտարակը այս տարիների ընթացքում լիովին արդարացրել է իր երկրորդ և ներկայիս անվանումը՝ դառնալով իրանցիների համար քաղաքական ազատության խորհրդանիշ:

Աշտարակի բարձրությունը 50 մետր է: Այն իրենից ներկայացնում է իրանական ճարտարապետության տարբեր՝ նախաիսլամական և իսլամական շրջանների տարրերի հետաքրքիր համաձուլվածք: Արտաքինից այն գրեթե ամբողջությամբ սպիտակ է: Միայն աշտարակի հենասյուները միմյանց կապող կամարը ներքևից զարդարված է կապույտ զարդանախշերով, որոնք հիշեցնում են մզկիթի առաստաղ:

Աշտարակի ներսում գտնվում է ընդարձակ թանգարան, որտեղ ներկայացված են Իրանի պատմության տարբեր շրջաններից ցուցանմուշներ: Թանգարանի պատերը սև են, իսկ դռները՝ մեծ և ազդեցիկ: Աշտարակի ամենաբարձր պատուհաններից Թեհրանի հիասքանչ տեսարաններ են բացվում: Թանգարանի շինությունը ներսից այնքան ազդեցիկ է, որ այցելուների մոտ ստեղծվող առաջին տպավորությունը դա ակնածանքն է պարսկական մշակույթի հանդեպ: Այս ճարտարապետական նմուշի հեղինակների հիմնական նպատակը հենց այցելուների մոտ ակնածանքի զգացողություն արթնացնելն էր, ինչը նրանց կատարելապես հաջողվել է:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ