Լվովի Հայկական Տաճար, Լվով, Ուկրաինա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ուկրաինա

Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին (Вірменський собор, հայտնի է նաև որպես Լվովի հայկական Տաճար, Լվովի հայկական կաթողիկե) Եվրոպայի տարածքում գտնվող հնագույն հայկական եկեղեցական շինություններից մեկն է: Գտնվում է Արևմտյան Ուկրաինայի ամենագեղեցիկ քաղաքի՝ Լվովի սրտում՝ Հայկական փողոցի վրա (Вірменськая ул.): Ըստ ամենայնի՝ այս հիասքանչ քաղաքի և, հետևաբար, եկեղեցու աշխարհագրական դիրքն է (Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին) Լվովի հայկական կաթողիկեի յուրահատուկ ճարտարապետական և կրոնական պատմության պատճառը: Անցած վեց ու կես դարերի ընթացքում եկեղեցին բազմիցս վերանորգվել է, որոշ կառույցներ հիմնովին վերափոխվել են, իսկ որոշներն՝ ավելացվել: Փոխվել են քաղաքն ու տարածաշրջանը ղեկավարող բազմաթիվ արքայատոհմեր, Լվովի տաճարում անգամ հրդեհ է բռնկվել, սակայն այն այսօր էլ կանգուն և գործող եկեղեցի է:

Այս յուրահատուկ եկեղեցին կառուցվել է Անիի կաթողիկեի նմանությամբ: Այսօր էլ, չնայած բազմաթիվ վերափոխումներին և հարակից շինությունների ավելացմանը, եկեղեցին բավականին նման է Անիի Մայր տաճարին: Եկեղեցու կենտրոնական գմբեթը նման է Անիի կաթողիկեի գմբեթի վերականգնված գծագրերին և թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ տեսք կունենար Անիի տաճարը, եթե այն այսօր լիովին կանգուն լիներ:

Տաճարը կառուցվել է 1363-1370 թթ. Կաֆաի (Թեոդոսիա) հայ վաճառականներից մեկի նվիրատվության շնորհիվ: Հետագայում շենքը բազմիցս վերանորոգվել է և անգամ մասնակիորեն վերակառուցվել: Բացի ճարտարապետական փոփոխություններից՝ շենքը մի քանի անգամ փոխել է նաև իր կրոնական նշանակությունը: Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը այն ենթարկվում էր Լվովի հայկական կաթոլիկ եպիսկոպոսությանը, սակայն 1945 թվականից մինչև Սովետական Միության անկումը եկեղեցու շենքը ծառայում էր որպես պահեստ՝ Լվովի Ազգային Թանգարանի արգելված ցուցանմուշների համար: 2000 թվականից եկեղեցին գտնվում է Հայկական առաքելական եկեղեցու վերահսկողության տակ և ծառայում է թե առաքելական և թե կաթոլիկ հայերին: Այդուհանդերձ, այսօր բավականին բարդ է Լվովի կաթողիկեում տեսնել որևէ հայ այցելուի: Եկեղեցին առավել հայտնի է որպես տուրիստական այցելությունների վայր և միշտ լի է զբոսաշրջիկներով:

Այս տաճարի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ չնայած իր արտաքին նմանությանը հայկական եկեղեցիներին՝ բազմաթիվ զարդանախշերի, սրբապատկերների և վառ գունավորման պատճառով ներսից այն ավելի շուտ հիշեցնում է եվրոպական կաթոլիկ տաճար: Միայն քառաթև հայկական խաչերն ու հայկական ոճով նկարված քերովբեների պատկերներն են հիշեցնում եկեղեցին ստեղծողների ծագման մասին, իսկ մուտքի մոտ կանգնած խաչքարերը և ավազով լցված մոմակալները ծառայում են որպես հայկական ստորագրություն:

Բազմաթիվ վերանորոգումների պատճառով կառույցն իր սկզբանական գոթական գծերից բացի ստացել է նաև նոր վերածննդի և բարոկկո ոճերի տարրեր: Լվովի կաթողիկեի ամենանոր տարրը, ըստ ամենայնի, պատերի զարդանախշերն են, որոնք կատարվել են 1920-ականներին Յան Հենրիկ Ռոզենի կողմից: Երիտասարդ նկարիչը տարբեր կրոնական պատկերներ ներկայացնող զարդանկարների համար օգտագործել է վառ գույներ, իսկ սրբերին և հրեշտակներին պատկերելու համար՝ իրական բնորդների: Նկարչի նմանօրինակ քաջությունը, թեև ժամանակին արժանացել է կտրուկ քննադատության, այսօր յուրահատուկ երանգ է հաղորդում Լվովի հայկական տաճարին՝ դարձնելով այն Լվովի ամենավառ ինտերիերն ունեցող կրոնական շինությունը:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ