Առաքելոց Վանք, Աճարկուտ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Առաքելոց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Կիրանց գետի ձախ ափին: Վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և տնտեսական նշանակություն ունեցող շինություններից, որոնց մեծ մասը գտնվում է կիսաքանդ վիճակում: Համալիրը շրջապատված է հաստ պարիսպով:

Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է XIII դարում: Ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձև եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին: Եկեղեցու հյուսիսային պատը պարիսպի մի մասն է կազմում: Գմբեթը հենված է կլոր թմբուկի վրա, որն իրենց վրա են կրում մույթերն իրար կապող 4 կամարները: Եկեղեցու միակ մուտքը գավթի կողմից է: Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից: Ներքին պատերը սվաղված են կրաշաղախով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարների ֆրագմենտներ:

Առաքելոց վանքի գավիթը հայկական միջնադարյան ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Գավթի դռան վերևում կա մի արձանագրություն, որտեղ հիշատակվում է 1245 թվականը, ինչից կարելի է եզրակացնել, որ այն կառուցվել է XVIII դարում: Ուղղանկյուն հատակագծով այս կառույցը առանձնանում է իր ծածկով, որը կազմված է երկու զույգ խաչաձևվող կամարներից: Դեպի երդիկի բացվածքը տանող անցումն իրականացված է «հազարաշեն» կոչվող ձևով, որն օգտագործվում էր հայկական գյուղական տների շինարարության ժամանակ, այն տարբերությամբ, որ օգտագործված է ոչ թե փայտե, այլ քարե հեծաններ, որոնք շեղակի շարված են միմյանց վրա: Հարավ-արևմուտքից գավթին կից էր զանգակատունը, որից պահպանվել է միայն պատերի ստորին մասը:

Վանքի երկրորդ եկեղեցին (XIV) գտնվում է նրա հարավային մասում` արևմտյան պարսպապատին կից: Քառանկյուն հատակագծով, երկթեք կտուրով այս եկեղեցին պատկանում է միանավ թաղածածկ բազիլիկների տիպին:

Գլխավոր եկեղեցու հարավային պատի տակ կանգնեցված կարմրավուն տուֆից Սուրբ Կարապետ խաչքարն աչքի է ընկնում իր բարդ զարդաքանդակներով և բարձրաքանդակներով: Վանքի օժանդակ շինություններից միայն փլատակներ են մնացել:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ