Ալեքսանդր Նևսկի տաճար, Սոֆիա, Բուլղարիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԲուլղարիաՍբ. Ալեքսանդր Նևսկի հայրապետական տաճարը կառուցվել է 1882-ից 1912թ. ի պատիվ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրման համար մղված ռուս - թուրքական պատերազմի (1877-1878թթ) ժամանակ ընկած ռուս քաջ զինվորների: Եկեղեցու ընդհանուր տարածքը 3170 քմ. է, հիմանական գմբեթի բարձրությունը` 45 մ է, իսկ զանգակատանը՝ 53 մ.:
Եկեղեցու սկզբնական նախագիծը կատարել է ճարտարապետ Իվան Բոգոմոլովը 1884-1885թթ, իսկ հետագայում` 1904-1912թթ, նախագիծը հիմնովին վերափոխվել է ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցեվի կողմից: Այս փառահեղ տաճարը բաղկացած է հինգ սրահից, զարդարված բյուզանդական ոճի խճանկարներով և վիտրաժներով: Եկեղեցու ներքին հարդարման համար օգտագործված են այնպիսի շքեղ շինանյութեր, ինչպիսիք են իտալական մարմարը և բրազիլական օնիքսը: Ամենուրեք գերիշխում են բյուզանդական ճարտարապետության տարրերը: Խճանկարներն ու որմնանկարները կատարված են 32 ռուս և 13 բուլղարացի նկարիչների կողմից:
Կենտրոնական խորանը նվիրված է Սբ. Ալեքսանդր Նևսկուն, հարավայինը`Սբ. Բորիսին, որը բերել է քրիստոնեությունը Բուլղարիա և հյուսիսայինը` Սբ. Կիրիլին և Սբ.Մեֆոդիին:
Գլխավոր գմբեթը վեր է խոյանում մի շարք փոքր շրջանաձև կիսագմբեթների վրա`տալով տաճարին հատուկ շքեղության ու վեհություն:
Եկեղեցու արևելյան կողմը լրացնում են երեք ապսիդներ: Կենտրոնական ապսիդն ունի կիսաշրջանի ձև և ընդգրկում է մյուս երկուսը, իսկ նրա վերևում է խոյանում գլխավոր տաճարի կիսաշրջանաձև մասը: Եկեղեցու հարավային և հյուսիսային մասերը ձևավորված են նույն ոճով:
Կամարաձև երեք մուտքերով ճակատի վերևում վեր է խոյանում 12 զանգով զանգակատունը, որը պսակվում է գմբեթով: Ամենամեծ զանգը կշռում 11.758 կգ, երկրորդը մեծությամբ` 6.002 կգ, երրորդը` 2.911 կգ, իսկ մնացածը `10-ական կգ. են: Զանգակատան վերևում Ալեքսանդր Նևսկիի պատկերով խճանկար է, որի հեղինակը բուլղարացի նկարիչ, պրոֆեսոր Անտոն Միտովն է:
Տաճարը, որը Սոֆիայի խորհրդանիշներից մեկն է համարվում, բաց է ամեն օր 07.00-ից մինչև 18.00: Մուտքն ազատ է:
Հոդվածը և լուսանկարները Լիլիթ Վանեսյանի , www.building.am