Աղջոց Վանք, Արարատի Մարզ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Աղջոց (Սուրբ Ստեփանոս) վանքը գտնվում է Արարատի մարզում Գեղարդից 7 կմ դեպի հարավ: Ավանդության համաձայն նրա հիմնադիրն էր Գրիգոր Լուսավորիչը, որը IV դարի սկզբին Տրդատ III թագավորի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում հիմնել է կուսանաց վանք:

Ներկայիս վանքային համալիրը, որը բաղկացած է երկու եկեղեցիներից ու գավթից, կառուցվել է XIII դարի սկզբին: Գլխավոր Սուրբ Ստեփանոս եկեղեցին 1212-1217թթ. կառուցել է վանահայր Աբել վարդապետը Գիգոր Խաղբակյանի (Խաչենցի) աջակցությամբ: Եկեղեցին ներքուստ խաչաձև է` չորս անկյուններում երկհարկ ավանդատներով: Եկեղեցու գմբեթը ավերվել է երկրաշարժից: Գավիթը կառուցվել է 1217-1234թթ.` գլխավոր եկեղեցու արևմտյան պատին կից: Ներկայումս գավթից մնացել է միայն արևելյան պատը: Գավթի ծածկը իրականանացված է եղել զույգ խաչվող կամարներով:

Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ Սուրբ Պետրոս-Պողոս եկեղեցին: Այն կառուցվել է 1270թ. իշխան Վասակ Խաղբակյանի կողմից վանահայր Երեմիայի օրոք: Խորանի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Եկեղեցու մուտքը զարդարված է Պետրոս և Պողոս առաքյալների պատկերաքանդակներով` մարդու բնական մեծությամբ: Իրենց կատարումով այդ պատկերաքանդակները սկզբունքորեն տարբերվում են հայկական ճարտարապետական ոճից: Նրանք ոչ թե ճարտարապետական ձևն ընդգծող, այլ ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեցող տարրեր են:

Եկեղեցու պատերը զարդարված են բուսական և երկրաչափական զարդաքանդակներով, ինչպես նաև Հին և Նոր Կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներով (դրվագ Ահեղ Դատաստանից, Դանիելը` առյուծների գբում (փոսում) և այլն:

XV դարում Աղջոց վանքում ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր: Այստեղ են պահվել Սուրբ Ստեփանոսի և Սուրբ Արիստակես Ա Պարթևի մասունքները: XVII դարի սկզբին Շահ-Աբասի արշավանքի ժամանակ վանքը ավերվել է, իսկ Արիստակեսի մասունքները հափշտակվել են ու տարվել Թավրիզ: Նրանք գնվել ու հայրենիք են վերադարձվել մի հայ վաճառականի շնորհիվ: Ներկայումս Արիստակես Ա Պարթևի մասունքները պահվում են Սբ.Էջմիածնում:

Աղջոց վանքը, ինչպես հայկական վանքերից շատերը, քանդվել է 1679թ. Գառնիի երկրաշարժի ժամանակ: Բայց այն նորից վերակառուցվել և գործել է մինչև XVIII դարի կեսերը` մինչև լեզգիների վերջին արշավանքը, որից հետո այն լքվել ու ամայացել է:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ