LEED Հավաստագրում

LEED Հավաստագրում


LEED-ը (Leadership in Energy and Environmental Design), Առաջնորդություն էներգիայի և շրջակա միջավայրի դիզայնի ոլորտում) կանաչ շինությունների հավաստագրման համակարգ է, որի հիմնական նպատակն ու գործառույթն է` կապալառուներին, ճարտարապետներին, նախագծերի սեփականատերերին, կառուցապատողներին ու շինարարական ոլորտի այլ ներկայացուցիչներին տրամադրել «միջոցներ»` ճանաչելու էկոլոգիական շինարարության չափանիշները և իրագործելու իսկական «կանաչ» նախագծեր: Այն ստեղծվել է ԱՄՆ-ի Կանաչ շինությունների խորհրդի կողմից (Green Building Council) և սկսել է զարգանալ 1994 թվականից: Ստեղծման առաջին օրերից LEED –ը ձևավորել է գնահատման մի շարք համակարգեր` համագործակցելով բնագավառի մասնագետների և հատուկ ստեղծված LEED կոմիտեների հետ: Համակարգի պիլոտային տարբերակը կոչվում էր LEED NCv1.0: Ներկայում գոյություն ունի գնահատման ինը Համակարգ` շենքերի, տների և շրջակայքի նախագծման, շինարարության և շահագործման համար: Այդ Համակարգներն են՝


1. Նոր շինարարություն և վերակառուցում (New Construction & Major Renovations).

2. Գոյություն ունեցող շենքեր. Կառավարում և շահագործում (Existing Buildings: Operations & Maintenance).

3. Առևտրային նշանակության ինտերյերներ (կարող են գտնվել ոչ «կանաչ» կառույցի ներսում) (Commercial Interiors).

4. Կարկաս և արտաքին պատեր (ներառում է նաև HVAC՝ օդափոխության, ջերմա-սառնա մատակարարման համակարգերը) (Core & Shell).

5. Դպրոցներ (Schools).

6. Առևտրային նշանակության կառույցներ (Retail).

7. Առողջապահական նշանակության կառույցներ (Healthcare).

8. Բնակելի տներ (Homes).

9. Շրջակա միջավայրի կայուն զարգացում (Neighborhood Development).


Բոլոր այս Համակարգերի համար ԱՄՆ-ի Կանաչ շինությունների խորհրդը մշակել է գնահատման 7 Անվանակարգ (5 հիմնական և 2 լրացուցիչ) և ամեն Անվանակարգում վաստակման հնարավոր միավորների քանակ՝

1. Կայուն (էկոլոգիապես) տարածքներ (Sustainable Sites)՝ հնարավոր 26 միավոր
2. Ջրի արդյունավետ օգտագործում (Water Efficiency)՝ հնարավոր 10 միավոր
3. էներգիա և մթնոլորտ (Energy and Atmosphere)՝ հնարավոր 35 միավոր
4. Նյութեր և ռեսուրսներ (Materials and Resources)՝ հնարավոր 14 միավոր
5. Ներքին միջավայրի որակ (Indoor Environmental Quality)՝ հնարավոր 15 միավոր
6. Նորարարություն և դիզայն (Innovation and Design)՝ հնարավոր 6 միավոր
7. Տարածաշրջանային առաջնություն (Regional Priority)՝ հնարավոր 4 միավոր


Նշենք, որ ամեն մի Անվանակարգում գոյություն ունի միավորների բախշման տարբեր մոտեցումներ՝ ամեն մի գնահատման Համակարգի (9 Համակարգ) համար: Տվյալ Համակարգում ձեռք բերված Անվանակարգային միավորների գումարը և որոշում է կառույցի LEED հավաստագրման մակարդակը:

Գոյություն ունի LEED հավաստագրման չորս մակարդակ`

1. Պլատինե (80-110 միավոր)
2. Ոսկե (60-79 միավոր)
3. Արծաթե (50-59 միավոր)
4. Հավաստագրված (40-49 միավոր)

LEED գնահատման համակարգի ամենաբարձր մակարդակը Պլատինե մրցանակն է, որի համար անհրաժեշտ է ձեռք բերել 80-110 միավոր:

LEED հավաստագրման արժանանալու համար պետք է հետևել որոշակի հրահանգների, որոնցից ամենակարևորը վավերագրի պահանջների ուսումնասիրությունն է (հետևել շրջակա միջավայրին վերաբերող բոլոր օրենքներին, օգտագործել կանաչ տեխնոլոգիաներ, ապահովել էկոլոգիապես մաքուր պայմաններ շենքի ներսում, և այլն): Եթե շենքը բավարարում է գնահատման համապատասխան Համակարգի պահանջներին, ապա նախագծի ղեկավարը պետք է գրանցվի, ներկայացնի համապատասխան դիմում, կատարի նախատեսված վճարները և սպասի արդյունքներին: Հավաստագրման մակարդակը կորոշվի ելնելով կառույցի հավաքած միավորների ընդհանուր գումարից:

LEED հավաստագրումը տրվում է միայն ԱՄՆ-ի Կանաչ շենքերի հավաստագրման ինստիտուտի կողմից (Green Building Certification Institute - հիմնված է ԱՄՆ-ի Կանաչ շինությունների խորհրդի կողմից):


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նաև այցելել https://www.usgbc.org/

 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ