Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Յոթ Վերք եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին անունով, գտնվում է Գյումրիում: Եկեղեցու վայրում XVII դարում գտնվում էր Կամսարական իշխանների կառուցած մատուռը, որտեղ պահվում էր “Յոթ Վերք” սրբապատկերը: Հենց այդ պատճառով էլ նոր կառուցված եկեղեցին (1873-1884թթ.) կոչվել է «Յոթ Վերք»: Նոր եկեղեցին օծեց Գևորգ V:

Յոթ վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է: Գլխավոր խորանի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Հյուսիսային և արևմտյան պատերին կից են երեք աղոթասրահները: Եկեղեցու արևմտյան մուտքի դիմաց գտնվում է զանգակատունը: Եկեղեցին պսակում են մեկ գլխավոր և 4 լրացուցիչ գմբեթներ ավելի փոքր չափսի: Գմբեթներից երկուսը տուժել են 1988թ. երկրաշարժից:

Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: Այն միակ հայկական եկեղեցին է, որի խորանը ունի պատկերակալ: Սովորաբար հայկական եկեղեցիների ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից: Պատկերակալը բնորոշ է ուղղափառ եկեղեցիներին: Ամենայն հավանակությամբ պատկերակալը հայտնվել է եկեղեցում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Գյումրին (այն ժամանակ Ալեքսանդրապոլ) ռուսական բերդաքաղաք էր:

Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով: Աջ պատին կարելի է տեսնել բազմակերպար կոմպոզիցիա Հիսուս Քրիստոսի պատկերով, իսկ ձախ պատին` Հարության տեսարանը (XVIIդ.): Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ (հեղինակ` հանրաճանաչ նկարիչ Սուրենյանց) և 4 զարդանկար, որոնք գտնվում են ուղիղ գմբեթի տակ (բարձրությունը` 12մ):

Յոթ Վերք եկեղեցին յուրահատուկ է նաև նրանով, որ ունի հինգ տարբեր խորաններ` նախատեսված տարբեր դավանանք ունեցող համայնքների համար: Եկեղեցու գլխավոր խորանը ծառայել է հայ Առաքելական եկեղեցուն, այստեղ պատարագ մատուցելու իրավունքն ունեին միայն հայ հոգևորականները: Սուրբ Յոթ Վերք խորանը պատկանում էր Ուղղափառ եկեղեցուն, իսկ Սուրբ Երրորդություն խորանը` Կաթոլիկ եկեղեցուն: Սուրբ Սարգիս խորանը ծառայել է ասորիներին: Երկրորդ հարկում կա ևս երկու խորան: Այն դեպքում, եթե երկու դավանանքների մոտ որևէ ծիսակարգի արարողության անցկացման օրերը համընկնում էին, ապա նախապատվությունը տրվում էր հայերին:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ