Սադելի Ամրոց, Գլոստերշիր, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Ամրոցը ենթադրաբար կառուցվել է Х դարում: Նա բազմաթիվ տերեր է ունեցել իր գոյության ընթացքում, որոնց թվում եղել են արքաներ Ռիչարդ III և Հենրիխ VIII: Տեղի մատուռում է թաղված Հենրիխ VIII թագավորի վերջին կինը` Քեթրին Պարը:

Արքայի մահից հետո քաղաքական ասպարեզ է հայտնվում Թոմաս Սեյմուրը և ամուսնության առաջարկ է անում հանգուցյալ արքայի դստերը: Մերժում ստանալով` նա ուշադրություն է դարձնում արքայի այրու վրա, նրանք ամուսնանում են ու տեղափոխվում են Սադելի ամրոց: Շուտով Քեթրինը լույս աշխարհ է բերում աղջկա, իսկ ինքը մահանում է ծննդաբերությունից մեկ շաբաթ անց: Կնոջ մահից հետո Թոմաս Սեյմուրը, որը տենչում էր իշխանություն ստանալ, կրկին առաջարկություն է անում Հենրիխ VIII ժառանգորդուհուն, սակայն նորից մերժում է ստանում: Դրանից հետո նա լքում է իր նորածին աղջկան ու մեկնում է Լոնդոն:

Քեթրին Պարը հուղարկավորվում է ամրոցից ոչ հեռու գտնվող մատուռում: Մի օր նրա դամբարանը հայտնաբերում է մի գյուղացի, բացում է այն ու տեսնում լեդի Քեթրինի մարմինը` հիանալի պահպանված մաշկով: Մի վայրկյան անց, սակայն, մարմինը սկսում է չորանալ գյուղացու աչքի առջև: Այդ դեպքից հետո ամրոցի տարածքում նոր մատուռ է կառուցվում, ուր էլ տեղափոխվում է լեդի Քեթրինի մարմինը: Սակայն դրանից հետո էլ նրա մարմինը հանգիստ չի գտնում ու սկսում է պարբերաբար հայտնվել ամրոցում: Հիմնականում նրան տեսնում էին մանկական սենյակի մոտ, որտեղ կախված էր նրա մեծ նկարը: Սակայն տան բնակիչները չէին վախենում նրանից, և քանի որ նրա ուրվականը վտանգ չէր սպառնում բնակիչներին, նրանք նույնիսկ «բարեկամացան»:

Սա միակ ուրվականը չէ, որ ապրում է Սադելի ամրոցում: Այստեղ է բնակություն հաստատել նաև ամրոցի նախկին տնտեսուհի Ջանեթի ուրվականը: Ժամանակին նա հետևում էր, որպեսզի ամրոցում ամեն ինչ իր տեղում լինի: Նա նաև հսկում էր հեռվից ժամանած նոր սպասուհիներին` պաշտպանելով նրանց երիտասարդների սիրահետումներից: Ջանեթն այնքան նվիրված էր տերերին ու տանը, որ նույնիսկ մահից հետո մնաց այստեղ ու շարունակեց հետևել սպասավորների աշխատանքին: 1993 թ. մի աղջիկ, որ էքսկուրսիոն խմբի հետ այցելում էր ամրոցը, պատմում էր, որ ինչ-որ անբացատրելի ուժ ստիպեց նրան բարձրանալ վերև: Այստեղ նա տեսավ մի տարեց կնոջ ուրվական: Վախեցած աղջիկը սարսափահար փախավ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.great-castles.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ