Սուրբ Գևորգի Տաճար, Լվով, Ուկրաինա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ուկրաինա

Լվով քաղաքի կենտրոնից հեռու, Սուրբ Գևորգի լեռան վրա, գտնվում է ուկրաինական հունա-կաթոլիկների գլխավոր սրբավայրը՝ Սուրբ Գևորգի Տաճարը (Собор Святого Юра)։ Իր դիրքի շնորհիվ, տաճարը բազմիցս ծառայել է որպես պաշտպանողական կետ քաղաքի պաշարումների ժամանակ, և մի քանի անգամ հրկիզվել կամ ավերվել է, երբ քաղաքը թշնամու ձեռքն է ընկել։ Այժմյան տաճարը կառուցվել է 1744-1770 թվականներին ճարտարապետ Բերնարդ Մերետինի նախագծով, ով, ցավոք սրտի, մահացել է մինչև տաճարի կառուցման ավարտը։ Մերետինի մահից հետո շինարարությունը ղեկավարել է Սեբաստիան Ֆեսինգերը։

Տաճարի կողքին գտնվում է Ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցու միտրոպոլիտի պալատը, իսկ նրանից դեպի հյուսիս՝ զանգակատունը, որը կառուցվել է 1865 թվականին։ Այստեղ գտնվում է Ուկրաինայի ամենահին զանգը պատրաստված 1341 թվականին։ Համալիրին է հարում նաև Սուրբ Գևորգի այգին։ Ամբողջ ճարտարապետական համալիրը պարսպապատ է։ Դեպի համալիրի բակ դարպասները զարդարում են այլաբանական քանդակներ, որոնք խորհրդանշում են Հավատը և Հույսը, Հռոմեական և Հունական եկեղեցիները։

Տաճարը նախագծված է հունական՝ խաչաձև տեսքով, անկյուններում չորս մատուռներով, կլոր գմբեթով կենտրոնում և լայն թմբուկով։ Կառույցի ճակատային մասը զարդարում են հայտնի ճարտարապետ և քանդակագործ Իոհան Պինզելի քանդակները, որոնք մարմնավորում են Սուրբ Աֆանասիին և Սուրբ Լեոյին։ Ճակատի ատտիկային մասում տեղադրված է «Գևորգ Վիշապահաղթի» քանդակը։ Կառույցի մուտքը ուղղորդում է քանդակազարդ քարե երկճյուղ սանդուղքը։

Կառույցի ներքին հարդարանքի վրա աշխատել են տարբեր ոճերի նկարիչներ, ինչի հետեւանքով համադրված են բարոկկոյի, ռոկոկոյի, կլասիցիզմի և այլ ոճերի տարրեր։ Տաճարի ինտերիերը ճոխ զարդարված է քանդակներով, սափորներով, լամպերով, սրբապատկերներով։ Տաճարի բազում սրբապատկերների շարքում առավել արժեքավոր է Տերեբովլյան Տիրամոր սրբապատկերը (17-րդ դար), որը համաձայն ավանդույթի, արտասվում է երբ քաղաքը վտանգի մեջ է գտնվում։ Տաճարի ներքնահարկերում գտնվում են դամբարաններ, որտեղ հուղարկավորված են հայտնի պատմական եւ եկեղեցական դեմքեր։

Սուրբ Գևորգի Մայր տաճարը իրավամբ համարվում է ռոկոկո ոճի մարգարիտներից, որը առաջացել է 18-րդ դարում, որպես բարոկկոի զարգացում։ 1998թ. տաճարը և նրան հարակից կառույցները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ