Միրթլս Պլանտացիա, Լուիզիանա, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ասում են՝ ավելի քան 10 մարդ է սպանվել այստեղ, ու որ նրանց հոգիները մինչ այսօր պտտվում են տնով. Ոմանք պատասխան են պահանջում իրենց սպանության համար, մյուսները բացի սրանից ուրիշ տուն չունեն բնակվելու... Այս տունն ի սկզբանե ընտանեկան գողտրիկ անկյուն չի եղել: Այն կառուցել է 1796թ. գեներալ Դևիդ Բրեդֆորդը: Նա այստեղ մենակ էր ապրում մինչև 1799թ. որպես պատիժ Վիսկիի Հեղափոխությանը (հեղափոխությունն ուղղված էր նոր ներմուծված հարկի դեմ. գյուղացիները, ովքեր ցորենը վաճառում էին վիսկիի տեսքով, պետք է լրացուցիչ հարկ վճարեին: Տեղի է ունեցել 1791-1794թթ.:) մասնակցելու համար: Երբ նախագահ Վաշինգտոնը ներում շնորհեց գեներալին, նա այստեղ տեղափոխեց իր կնոջն ու երեխաներին: Ահա այստեղ սկսվեց Բրեդֆորդների ընտանիքի ու նրա հետնորդների երկար պատմությունը, որտեղ բոլորն ամուսնանում էին, հիվանդանում էին, մահանում, վերանորոգում տունը, վաճառում այն, հետ գնում և այլն... Ինքը գեներալը մահացավ 1808թ. ու դրա մեծ մասը չտեսավ: Նրա մահից հետո տունը սկսեց անցնել բարեկամների ձեռքից ձեռք: Տերերն այնքան հաճախ էին փոխվում, որ արդեն դժվար է պարզել, թե տան լեգենդներից որն է իրական, իսկ որը՝ հարևանների հորինվածքն է: Իսկ լեգենդներ այս տարիների ընթացքում քիչ չեն կուտակվել:

Այսօր Միրթլս պլանտացիան (Myrtles plantation) համարվում է ԱՄՆ-ի «ամենաուրվականաշատ» տներից մեկը: Տան ամենահայտնի ուրավականը պատկանում է Քլոուի (Chloe) անունով ստրկուհուն: Ասում են, որ տան սեփականատերերից մեկը՝ Կլարկ Վուդրոֆը (գեներալ Բրեդֆորդի փեսան), երբ իր կին Սառան հղի էր իրենց երրորդ երեխայով, սիրային կապ է սկսել Քլոուիի հետ: Որոշ ժամանակ անց, սակայն, նա հոգնել է աղջկանից և մեկ ուրիշին գտել իր համար: Իսկ Քլոուին, վախենալով, որ տերը ձանձրացել է ու կարող է իրեն ուղարկել դաշտում աշխատելու, սկսել է ականջ դնել տերերի խոսակցություններին՝ պարզելու համար իր հետագա ճակատագիրը: Երբ Կլարկը նրան բռնացրել է, հրամայել է ականջը կտրել: Դրանից հետո ստրկուհին կանաչ փաթաթան էր կապում գլխին՝ ծածկելու համար տգեղ սպին: Աղջկա վրեժը արագ տեղի ունեցավ. նա պարզապես մի քիչ թույն լցրեց տերերի թխվածքի մեջ: «Դոն Ժուանի» բախտը բերեց, նա ոչ մի կտոր չկերավ թխվածքից ու կենդանի մնաց: Իսկ Սառան ու երեխաները շուտով մահացան: Մյուս ստրուկները, որպեսզի տերը իրենց էլ չպատժի, ստրկուհուն կախեցին մոտակա ծառից, հետո մարմինը կտրատեցին մանր մասերի ու գցեցին Միսիսիպի գետը:

Իսկ Սառայի ու երեխաների հոգիներն ընդմիշտ մնացել են հայելու մեջ, որը պատահմամբ չէր փակվել սգո արարողության ժամանակ: Նրանք շրջում են հայելու մեջ ու փորձում են դուրս գալ այնտեղից. Հայելու ներսի կողմից պարբերաբար հայտնվում են ձեռքի հետքեր: Կարծես թե ինչ-որ մեկն ուզում է հրել իրական կյանք տանող ճանապարհի խոչընդոտը:

Մեկ այլ հոգի պարբերաբար հայտնվում է 17րդ աստիճանի վրա. Դա Ուիլիամ Վինտերի հոգին է, ում կրակել էին սեփական տան դիմաց, ու նա հաջողացրել էր հասնել միայն մինչև 17րդ աստիճանը, որտեղ էլ հոգին ավանդել էր սիրելի կնոջ ձեռքերում:

Պետք է նշել, սակայն, որ այս տեղեկությունները բավականին վիճելի են. գրվել են մեծ քանակությամբ հոդվածները, որոնք նպատակ ունեն ապացուցելու, որ այս բոլոր իրադարձություններն իրականում տեղի չեն ունեցել, իսկ հոգիների մասին պատմություններն անհեթեթություն են: Անձամբ ինձ թվում է, որ առանց կրակ ծուխ էլ չի լինում: Բացի այդ, հոգիներ, որոնք ուզում են կոտրեն հայելին ու դուրս գան այս աշխարհ... Իրոք տպավորիչ է:

Սակայն ժամանակներն արդեն փոխվել են. հիմա նման պատմություններով ոչ ոքի չես վախեցնի: Այժմ ընդունված է մեծ գումարներ աշխատել լեգենդների վրա: Դրա շնորհիվ այսօր կարելի է վճարել $10 ու էքսկուրսիա անցնել հոգիների տնով: Ցանկության դեպքում կարելի է նաև հարսանեկան արարողություն անցկացնել այնտեղ, որտեղ ժամանակին անմեղների արյունն էր հոսում...

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.springfieldghostsociety.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ