Երաժշտության Պատմության Նախագիծ, Սիեթլ,ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Երաժշտության Պատմության Նախագիծ: Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Չնայած Երաժշտության Պատմության Նախագիծը (Երաժշտության Պատմության Նախագիծ, Գիտաֆանտաստիկ Թանգարան և Փառքի սրահ) ընդգրկված է աշխարհի ամենատգեղ կառույցների ցանկում, այնուամենայնիվ անհնար է չնկատել նրա օրիգինալ դիզայնը: Կամ նախագծի հեղինակը քաոսային խառնաշփոթի մեջ է եղել, կամ էլ՝ ծանր ռոքի ազդեցության: Ինչևէ, խորին շնորհակալություն նրա ստեղծագործ երևակայությանը: Փորձառու երաժշտական նախագծի գաղափարը պատկանում է Փոլ Ալենին՝ Microsoft Corporation-ի համահիմնադրին, ով Ջիմի Հենդրիքսի ստեղծագործական արվեստի մեծ սիրահար է: Թանգարանը, որի ճարտարապետն է Ֆրենկ Գերին, բացվել է 2000թ.-ին և այն նմանեցվում է ճարտարապետի մետաղական այլ շինություններին (Գուգենհեյմ թանգարանը Բիլբաո քաղաքում, Ուոլթ Դիսնեյի համերգասրահը և Գերիի աշտարակը): Արտաքուստ շենքը գրավում է իր շքեղ գունային համադրությամբ, ինչպիսին են ոսկեգույնը, արծաթագույնը, մուգ կարմիրը, կապույտը, որոնք էլ խորհրդանշում են ամերիկյան ռոք երաժշտությունը:

Իր ստեղծման առաջին տարիներին թանգարանը ֆինանսական ճգնաժամ ապրեց: Արդյունքում թանգարանի հարավային թևում կառուցվեց Գիտաֆանտաստիկ թանգարանն ու Փառքի սրահը: Այն հիմնադրվել է Փոլ Ալենի և Ջոդի Փեթոնի կողմից 2004թ.-ին: Սա աշխարհում գոյութուն ունեցող երկու գիտաֆանտաստիկ թանգարաններից մեկն է (մյուսը Շվեյցարիայում է՝ Maison d'Ailleurs, Իվերդոն-լե-Բեն,): Այստեղ տեղի են ունենում կինոյի և երաժշտության ամենամյա մրցանակաբաշխություն, որը խրախուսում է գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ կինոարվեստին նորովի ստեղծագործական մոտեցում: Շենքի կենտրոնում է այսպես կոչված «երկնային եկեղեցին», որը գրեթե բառացիորեն մարմնավորում է Հենդրիքսի համերգահարթակի մասին երևակայությունը: Տարածքը զարդարված է տեսանյութերի ֆրիզով, ունի գերազանց լուսավորություն և ակուստիկա, իսկ բարձրությունը հասնում է 30 մետրի: Իսկ ինտերակտիվ թանգարանի ամենահետաքրքիր մասը Ձայնային լաբորատորիան է, որտեղ այցելուները կարող են ստեղծագործել, սովորել նվագել զանազան երաժշտական գործիքների վրա և հանդես գալ վիրտուալ երկրպագուների բազմության առջև: Այս ինտերակտիվ ցուցահանդես-թանգարանը, որտեղ մարդիկ սիրում, հասկանում և զգում են երաժշտությունը, հաղորդում է բարի և դրական լիցքեր: Գերժամանակակից ճարտարապետությունն ու թանգարանի էությունը համակցված են կատարյալ ներդաշնակությամբ:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ